Ընդհուպ մինչև 2000-ականները, Երևանի Աբովյան 12 հասցեում գտնվող «Խանոյան» լուսանկարչտունը համարվում է քաղաքի ամենաերկարակյաց և հանրության կողմից ամենասիրված ֆոտո-տաղավարը։(i) Այն հիմնադրել է 1934-ին Հայաստան ներգաղթած Գաբրիել Խանոյանը։ Ըստ Վահան Քոչարի կենսագրական բառարանի՝ նա մասնակցել է 1915-ի Վանի պաշտպանությանը, ապա գաղթել է Ռուստատան, որտեղ հնարավորություն է ունեցել մասնագիտանալ լուսանկարչության մեջ, աշակերտելով ռուս լուսանկարիչ Բրաուդին։(ii) «Խանոյան» լուսանկարչատունը բացել է իր դռները 1937-ին՝ նախկին Սպայի տանը։(iii) Շուտով, հաստատությունը լայն ճանաչում է ձեռք է բերում՝ հատկապես շնորհիվ արվեստի գործիչների դիմանկարների որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Այս հարուստ պատկերաշարքի մեջ էին 1930-70-ականներին Հայաստանում գործող գրեթե բոլոր ականավոր մշակույթային դեմքերին՝ Ավետիք Իսահակյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Դավիթ Մալյան, Արամ Խաչատուրյան, Հովաննես Շիրազ, Պարույր Սևակ և այլոք։ Երկար տարիներ Խանոյանը աշխատել է նաև որպես Սունդուկյանի թատրոնի լուսանկարիչ, ստեղծելով ոչ միայն բեմական գործիչների, այլ նաև ներկայացումները վավերագրող լուսանկարներ՝ որոնք ունեն եզակի պատմական արժեք։
Թատրոնի հետ երկարամյա համագործակցությունը իր խորը հետքն է թողել է Խանոյանի արվեստի վրա։ Նրա դիմանկարներին բնորոշ է միզանսցենի ակնհայտ թատերայնությունը, լուսաստվերային դրամատիկ և կտրուկ անցումները, ինչպես նաև լուսանկարվող անհատներին սուր «պերսոնաժային» կերպարանք հաղորդելու միտում։ Ավելորդ մանրամասները, եւ կլիենտուրայի ֆիզիկական թերությունները մաքրվում էին մանրակրկիտ ռետուշի միջոցով, իսկ սև-սպիտակ լուսանկարները հաճախ ձեռքով գունավորվում էին՝ ըստ այդ տարիներին տարածված սովորույթի։(iv) Սակայն ի տարբերություն Եգիպտոսում և Եվրոպայում աշխատող հայ կոմերցիոն լուսանկարիչների, Խանոյանի գլամուրային դիմանկարներում համարյա թե իսպառ բացակայում է այդ ժանրին բնորոշ էրոտիզմը։ Իր ֆոտո-տաղավարին զուգահեռ, նա աշխատել է նաեւ որպես վավերագրական լուսանկարիչ, արձանագրելով կերպանափոխվող Երևանի անհետացող անկյունները և կարևոր իրադարձություները։ Խանոյանը այն քիչ հայ լուսանկարիչներից է ում գործնեությունը ժամանակակիցները բարձր էն գնահատել, կոչվելով նրան «արվեստագետ» և «արտիստ»։
1950-ականներից, լուսանկարչատան աշխատանքը հիմնականում ստանձնում է Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օննիկ (Հովհաննես) Հարությունյանը։ Չնայած այս զարգացմանը, լուսանկարչատունը շարունակում է պահպանել Խանոյանի անունը, ինչպես և նրան բնորոշ ոճը։ 2000-ականներին քանդվեց Աբովյան 12 պատմական շենքը և Խանոյանների ֆոտո-տաղավարը այսօր տեղակայված է Պուշկին փողոցում գտնվող նորակառույց շենքում։ Այն գործածում է Օննիկ Հարությունյանի որդին՝ Արմեն Խանոյանը։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների, լուսանկարչատան արխիվը ընդգրկում է 6000-ից ավել ապակե և ժապավենային նեգատիվներ։(v) Վերջերս Խանոյանների ժառանգները նվիրաբերեցին այս հարուստ հավաքածուն Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանին։
iԼուսանկարչատան հիմնադրման տարեթիվը տարբերվում է մի շարք աղբյուրներում և վկայություններում։ Որպես առավել վստահելի և հավանական տարեթիվ ընդունել ենք Վահան Քոչարի հրատարակած տեղեկությունը։
ii Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ179:
iii Այս պատմական շենքը գտնվում էր այժմյան Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այն հիմնահատակ քանդվել է 2000-ականներին բազմաֆունկցիոնալ կոմպլեքս կառուցելու համար։
iv Խանոյանների լուսանկարչատունը շարունակում էր լուսանկարների գունազարդումը նույնիսկ երբ գունավոր տպագրությունը վաղուց դառել էր լայնորեն կիրարվող և մատչելի տեխնոլոգիա։
v Նաիրա Գուլոյան, «Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում», www.aysor.am, 28.10.2013, http://www.aysor.am/am/news/2013/10/28/armen-khanoyan2/687962
Վիգեն Գալստյան, 2016